BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Սովորական մարդու» սովորական վերելքը (կամ միջին վիճակագրական կարիերիստի կենսագրություն)

«Սովորական մարդու»  սովորական վերելքը (կամ միջին վիճակագրական կարիերիստի կենսագրություն)
17.11.2017 | 10:25

Ծանոթացեք` միջին վիճակագրական հայի կենսագրություն. ծնվել է 1962-ի ապրիլի 1-ին, Երևանում: 1983-1985-ին ծառայել է խորհրդային բանակում: 1983-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1987-ին` ԵԺՏԻ-ի ասպիրանտուրան: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է: 1987-1990-ին ԵԺՏԻ-ում աշխատել է արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995-ին եղել է Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999-ին` փոստի և հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000-ին` սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000-2003-ին` պետական գույքի կառավարման փոխնախարար, 2003-2004-ին` պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2012-ին և 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով:


Կասեք` բնավ էլ միջին վիճակագրական հայի կենսագրություն չէ՞: Այո, միջին վիճակագրական կարիերիստի կենսագրություն է, որ կարիերան կառուցել է ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի քաղաքական ռեսուրսի վրա: Եվ այնքան ճարպիկ է եղել, որ ճիշտ պահին կուսակցությունից կուսակցություն անցումները համադրել է անձնական բարեկեցության աճին` պաշտոնները ստացել ու օգտագործել է իր և մոր անուններով ջրի գնով տարածքներ սեփականաշնորհելու, իսկ հետո վարձակալության տալու ու վաճառելու համար: Լիովին օրինական գործունեություն` ԱԺ պատգամավորի համար` տիպիկ հայկական ընկալումով:
2012-ին սոցիալական ցանցերում բարձրացած սկանդալը նա մարսեց: Այնքան, որ իրավապահ մարմինները չզբաղվեցին շարքային բրոքեր ներկայացող, իր խոսքով «խոշոր սեփականատիրոջ» գործով: Աղմուկը քաղաքական չէր` շատ փաստական էր: ԱԺ պատգամավորը օրենսդիր գործունեությանը զուգահեռ` ժլատության և խնայողության սկզբունքներից ելնելով` իր աշխատած բուհի առանձնասենյակը վերածել էր անշարժ գույքի գործակալի գրասենյակի ու հրավիրում էր հեռախոսով իրեն դիմածներին` գործարքներ կնքելու` հերթով ներկայացնելով իր տնօրինած տարածքները` Կորյունի, Սարյանի, Կոմիտասի, Քոչարի և այլ փողոցներում: Զուգահեռ, առանց աչքը թարթելու պաշտոնապես ԱԺ աշխատասենյակում հայտարարում էր, որ ամեն ինչ հայտարարագրել է ու սեփականություն չունի: Մինչդեռ հեռախոսով ներկայանում էր «ճանաչված այր», ում հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Իհարկե` շահավետ էր, տարածքները մոր անվամբ էին: Իր արածը իր հետ «չկապված» անձի սեփականության շուրջ բանակցություն էր` շարքային խարդախություն է, որի համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ 188-րդ հոդվածով` ապօրինի ձեռնարկատիրություն, բայց դա սովորական մարդկանց համար է։


Բարոյական նորմերի մասին խոսելն ավելորդ է մի մարդու դեպքում, որ բարոյականությունը հասկանում է երևույթ, որ հատուկ է միայն ուրիշներին, բայց ոչ իրեն: Փաստ է, որ այդ ուրիշներից չէ նաև ԲՀԿ-ն, այլապես շարքային խարդախ և կաշառակեր պրոֆեսորը (երիտասարդության օրերին նա փող աշխատելու այլ մեթոդ էլ ուներ` փողով գիտաթեզեր էր գրում, որ փողով էլ պաշտպանվում էին` կասկածելի գիտականության պատճառով) այսօր ԱԺ փոխնախագահ է: Գլխապտույտ կարիերա է, չէ՞, մարդու համար, որ, առանց ԲՀԿ-ի տանիքի, պետք է հայտնվեր ճաղերի հետևում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Միքայել Մելքումյանը, իհարկե, ամեն ինչ նորից կհերքի: Նա բոլոր իրավունքներն ունի հայտարարելու` «Եթե կյանքը գնալով վատանում է, ի՞նչ անենք՝ ծա՞փ տանք»: Ծափերի արժանի է միայն ինքը: Բուռն ու երկարատև` իր կյանքը ոչ մի իշխանության ժամանակ չի վատացել, հակառակ` միայն լավացել է: Իսկ ԲՀԿ-ն հիանում է նրանով` նոր սովորույթ է` «հանուն ժողովրդի» դղյակների տերերը հարձակվում են դղյակների տերերի վրա: Ե՞րբ է գալու հայտնի անեկդոտի անտառապահը:

Դիտվել է՝ 5265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ